Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Իրականում մենք շատ ենք սիրում պարել»

«Իրականում մենք շատ ենք սիրում պարել»
20.11.2015 | 02:30

Սպորտային պարերի նկատմամբ հետաքրքրութունը Հայաստանում բավականին մեծ է: Դրանք բաժանվում են երկու խմբի` եվրոպական և լատինաամերիկյան: Եվրոպական պարաձևերից են դանդաղ վալսը, տանգոն, վիեննական վալսը, դանդաղ ֆոքստրոտը և քուիքստեպը: Լատինաամերիկյանի մեջ մտնում են սամբան, չա-չա-չան, ռումբան, պասոդոբլը, ջայվը:

Հաճախ հարց է տրվում` սպորտային պար ասվածը մարզաձև՞ է, թե՞ պար: «Դա առաջին հերթին արվեստ է, բայց, քանի որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը շատ է, հիսուն տոկոսով համարվում է արվեստ, հիսուն տոկոսով մարզաձև: Ես կասեի 100 տոկոսով արվեստ է, 100 տոկոսով` մարզաձև»,- մեզ հետ զրույցում ասաց «Գլորիա» սպորտային պարահանդեսային պարերի մասնագիտացված դպրոցի հիմնադիր-պարուսույց ԶԱՌԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ:
«Գլորիան» այս տարի տոնեց իր 20-ամյակը: Հիմնվել է ավելի վաղ` 1993-ին: «Այդ տարիներին սպորտային պարերը մեզ մոտ թույլ էին զարգացած, պարային մի խումբ կար Երևանում, մի խումբ էլ` Էջմիածնում: Մենք երևանյան խմբի սաներն ենք (ղեկավար՝ Արա Մխոյան): Հետո մեզնից յուրաքանչյուրն իր խումբը հիմնեց: Նույնիսկ անվանում չունեինք: 1995-ին ստեղծվեց Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան: Պահանջ եղավ տարբերակելու խմբերը: Իմ խումբն անվանեցի «Գլորիա»: Ֆեդերացիայի ստեղծումով մենք ամբողջությամբ ներգրավվեցինք մրցութային ծրագրի մեջ, ու դա տվեց իր արդյունքը: Սաներիս մեծ մասը շարունակեց պարային ասպարեզը, ցավոք, ոչ այստեղ, աշակերտներ ունեմ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում»,- ասաց Զառա Անդրեասյանը:
«Գլորիայում» ընդունելությունը չորս տարեկանից է, այդ տարիքում սովորում են մանկական խորեոգրաֆիա: Ըստ պարուսույցի` սպորտային պարերով զբաղվելու ամենահարմար տարիքը յոթ տարեկանն է: Կարելի է սկսել և ավելի ուշ, բայց երբ ճիշտ տարիքից են սկսում, երեխան ճիշտ կեցվածք է ունենում, նրան նայելով կարող ես ասել` «լատինիստ» է: Սպորտային պարը կոփում է նաև հոգին, բնավորությունը:
Ե՞րբ է ծանրաբեռնվածությունը դառնում վտանգավոր. այս հարցը շատերին է հետաքրքրում: Պարուսույցը համոզված է, որ գերծանրաբեռնվածության վտանգ չկա, եթե խոսքը մեր երեխաների մասին է: «Ես դասավանդել եմ Չինաստանի սպորտային պարերի դպրոցում: Երբ առաջին անգամ տեսա չինացի երեխաների արյունոտ ոտքերը, ասացի, որ հանեն կոշիկներն ու ոտաբոբիկ պարեն: Իրենք ապշած ինձ էին նայում, որովհետև պատրաստ էին արյունոտ ոտքերով շարունակելու պարը: Այնտեղ հռոմեական դաստիարակություն են ստանում, երեխային որոշակի տարիքում հանձնում են դպրոց, որտեղ նա ապրում է, սովորում, միայն արձակուրդներին և տոն օրերին է տանը լինում: Արդյունքն ակնհայտ է: Նրանց մոտ սպորտային պարը զարգանում է: Հանդես են գալիս աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում: Հայաստանում մենք վայելում ենք կյանքը, պարում ենք հաճույքի համար: Այդպիսի տպավորություն ունեմ»,- եզրահանգեց պարուսույցը:
Պարարվեստով հետաքրքրվողները մեզ մոտ մեծ թիվ են կազմում: Զրուցակիցս նկատեց, որ իրականում մենք շատ ենք սիրում պարել: Պարային բաժիններ կան մանկավարժական համալսարանում, թատերական ինստիտուտում: Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում կա համապատասխան ամբիոն, որտեղ պատրաստում են սպորտային պարերի մասնագետներ, սակայն պետական աջակցություն, որպես այդպիսին, չկա: Մեր պարողները պետք է ռեստորաններում պարեն, որպեսզի մրցումների մասնակցելու գումար ունենան։
Ֆիզիկական ի՞նչ տվյալներ են պետք լատինաամերիկյան պարում հաջողության հասնելու համար` հետաքրքրվեցի: Պարզվում է` ցանկալի, բայց պարտադիր չեն սլացիկ ոտքերն ու գեղեցիկ կազմվածքը: Առաջնային են աշխատասիրությունը, նվիրվածությունը, ինքնազոհությունը: Հետաքրքիր մի դիպված պատմեց Զառա Անդրեասյանը. «Երբ համապատասխան տարիքում երեխային բժիշկները ախտորոշում են «փափուկ ոսկոր», խորհուրդ են տալիս թողնել պարը: Այս տարիներին հինգ նման երեխա եմ ունեցել, որոնցից մեկը, չնայած զգուշացումներին, շարունակեց պարը: Հարցն այսպես էր դրված` կա՛մ մեկ ամիս պարում ես և ամբողջ կյանքում սայլակին ես գամվում, կա՛մ թողնում ես պարը: Նա ընտրեց պարը: Մինչ օրս պարում է ու մեծ նվաճումներ ունի: Խոսքը Հայկ Բալասանյանի մասին է, ով այսօր Ամերիկայի տասը լավագույն պարողներից մեկն է»:
Այսօր Հայաստանում մեծ թվով սպորտային պարերի խմբեր կան:
Ինչպե՞ս պետք է ծնողը կողմնորոշվի` երեխային բազմապիսի խմբերից որում ընդգրկել: Պարուսույցը նկատեց, որ ծնողները հիմնականում ընտրում են մոտ տարածքում գտնվող խմբերը, ինչը ամենասխալն է: «Պետք է հետաքրքրվել, ծանոթանալ և ի սկզբանե որոշել, թե ի՞նչ է իրենց պետք, որպեսզի հետո երեխային չտեղափոխեն խմբից խումբ»,- ասաց նա:
Խոսելով պարը դպրոցներում պարտադիր առարկա դարձնելու մասին, ասաց, որ 2002-ին Ձերժինսկու անվան թիվ 20 դպրոցում (ներկայումս` Ջոն Կիրակոսյանի անվան) ֆիզկուլտուրայի ժամերին պար է ուսուցանել առաջին դասարանցիներին և հանգել այն համոզման, որ չի կարելի երեխային ստիպել պարել. «Դու սիրում ես, ապրում ես պարով, բայց նրան դա պետք չէ, ստիպված է անում: Պիտի կարողանաս այդ սերը փոխանցել, բայց նրանք շատ են, դպրոցում մի քիչ ուրիշ է: Ես հասկացա, որ ուզում եմ աշխատել միայն այն երեխաների հետ, ովքեր սիրում են պարը և եկել են ինձ մոտ սովորելու»:
Ինչ վերաբերում է «Գլորիայի» ծրագրերին, նպատակ ունեն դուրս գալու արտերկիր, սկզբում` ծնողների ֆինանսական օժանդակությամբ, հետո հավանաբար կլինեն հրավերներ: Ներկայումս պատրաստվում են ամանորյան համերգի:
Նշենք, որ նկարահանվել է տեսահոլովակ, որտեղ «Գլորիայի» սաները, չառլստոն պարելով, ներկայացնում են Երևանը` իր տեսարժան վայրերով:
Տեսահոլովակը մասն է միջազգային նախագծի, որի շրջանակում ներկայացվել են 100-ից ավելի քաղաքներ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

I Charleston Yerevan
Դիտվել է՝ 4990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ